Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ապագայում կդառնա Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքական, ռազմական եւ հումանիտար միասնականության հիմք, վստահություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք հավատում ենք, որ տնտեսական միությունն ապագայում կդառնա մեր քաղաքական, ռազմական եւ հումանիտար միասնականության հիմք», - նշել է նա ԵԱՏՄ-ի Գերագույն խորհրդի հերթական նիստում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ «պայմանագիրը ստորագրելու ուղին երկար էր եւ բարդ»:

«Այդ ճանապարհին մենք  կորուստ ունեցանք: Նկատի ունեմ Կուչմայի ժամանակների Ուկրաինան, որը նույնպես սկսել էր մեզ հետ այդ դժվարին աշխատանքը: Ցավոք, Ուկրաինայի համար լուծը շատ ծանր էր: Սակայն վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինայի ղեկավարությունը կհասկանա՝ որտեղ է երջանկությունը: Համենայնդեպս,  չի կորցնի այն, ինչ իրավամբ պատկանում է Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները մայիսի 29-ին ԵՏՄ ստեղծելու պայմանագիր են ստորագրել: Այն կսկսի գործել 2015 թ. հունվարի 1-ից: