«Ժառանգություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցություններն ու 140 մտավորականներ վաղը՝ մայիսի 30-ին, հանդես են գալու հայտարարությամբ՝ առաջարկելով նոր նախագծով չեղյալ համարել ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ Երեւանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, որն էլ վաղն ավագանու նիստում այս հայտարարությունը կանի:
«Երեք կուսակցություններն ու 140 մտավորականներ, որոնք ստորագրել են, առաջարկում են չեղյալ համարել ապրիլի 30-ի որոշումը: Արձանը չպետք է տեղադրվի: Ինչ վերաբերվում է ավագանու հանրապետական եւ ԲՀԿ-ական ներկայացուցիչներին եւ այն քաղաքացիներին, ովքեր կողմ էին արձանը տեղադրելուն, կասեմ միայն՝ եթե բազմաթիվ փաստերից հետո իրենց գլխում հարցականներ չեն առաջացել, ցավում եմ իրենց համար»,- ասաց նա:
Անահիտ Բախշյանը համոզված է, որ Անաստաս Միկոյանի արձանը չի տեղադրվելու, իսկ պատճառն այն է, որ մեծամասնության կողմից բերված գաղափարի եւ հասարակության միջեւ այդպես էլ փոխհամաձայնություն չի կայանում եւ հնարավոր չէ՝ չկայանա, որովհետեւ Միկոյանի անձի հետ կապում են մեր պատմության, մեր ժողովրդի ողբերգական էջերը:
«Ես Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը համեմատում եմ Հրանտ Շահինյանի արձանի հետ: Լեգենդար մարմնամարզիկ, թիմային մրցումներում օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանը պատրաստ էր, ընտանիքի կողմից հավանության արժանացել էր, ընտանիքը բոլոր մարմիններին դիմել էր եւ ավագանին էլ կայացրել էր որոշումը, բայց դրվե՞ց: Ոչ, սա էլ ձեր հարցի պատասխանը: Հրանտ Շահինյան՝ առաջին հայ օլիմպիական չեմպիոն, բայց մինչեւ օրս չունենք այդ արձանը դրված, հիմա հարց՝ ինչո՞ւ չի դրվում նրա արձանը: Որովհետեւ քաղաքական երկու գործչի ներքին գզվռտոցի պատճառով տուժեց Հրանտ Շահինյանի նման մարդը»,- ավելացրեց տիկին Բախշյանը:
Նշենք, որ ավագանին Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին որոշումը կայացրել է ապրիլի 30-ին: Տեղադրելուն դեմ են քվեարկել միայն «Բարեւ Երեւան» դաշինքի անդամներն ու ՀՀԿ-ական Հայկ Դեմոյանը:





























