Սահմանադրությունը պետք է ապահովի ֆունկցիոնալ ու կառուցվածքային այնպիսի մոդել, որով կտրվեն հստակ երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության եւ դատական համակարգի լիարժեք անկախության համար, պետք է մտցվի գործառութային հստակեցում, որից հետո՝ կառուցակարգային եւ դատարանակազմական սկզբունքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա կարեւորել է այնպիսի համակարգի ներդրումը, որը պետք է ապահովի դատական համակարգի՝ որպես իշխանության առանձին ճյուղի կայացումն ու ամրապնդումը՝ հիմնվելով զսպման եւ հակակշռման մեխանիզմի հստակ գործառնականության վրա՝ մատնանշելով ԱՄՆ օրինակը: «Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատություն կունենանք այն դեպքում, եթե համակարգը գործի»-նշեց Հանձնաժողովի նախագահը:

Գագիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ դատարանների գործունեության հայեցողությանը՝ նշելով, որ հստակ սահմանված չեն դրա համար անհրաժեշտ չափորոշիչները: Անդրադարձ է եղել նաեւ դատարանների ինքնակարգավորման եւ ինքնակառավարման մեխանիզմների բացերին, որոնք նույնպես բացասաբար են ազդում դատական իշխանության անկախության վրա: Ամփոփելով իր խոսքը՝ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետք է պահպանվի սահմանադրականության հաշվեկշիռը հասարակական հարաբերություններում, այլապես իրավունքների խախտումից հնարավոր չի լինի խուսափել:

Զեկուցող Գ. Ղազինյանն առանձնացրել է 2 կարեւորագույն ասպեկտ՝ Սահմանադրությունը պետք է շոշափի հասարակության բոլոր խավերի շահերը, այսինքն՝ գործի իբրեւ հասարակական համաձայնության ինստիտուտ եւ Դատական իշխանության կայացման համար ոչ միայն պետք է անդրադարձ կատարվի դատարանակազմական, կառուցվածքային հիմնախնդիրներին, այլեւ՝ գործառութային ասպեկտին, ինչպես դատական իշխանությունը պետք է իրականացնի իր գործառույթները: Նա օրինակ է բերել գործող սահմանադրության 92-րդ հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ «Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով», սակայն Սահմանադրությամբ այդպիսի լիազորություններ սահմանված չեն:

Բանախոսը, նաեւ մտահոգություն է հայտնել կալանքի կիրառման մասով՝ բերելով վիճակագրական տվյալ, համաձայն որի՝ կալանքի վերաբերյալ միջնորդության 95 տոկոսը բավարարվում է: Ըստ նրա՝ դա դատական իշխանության գործունեության արդյունավետության ապահովման երաշխիքների բացակայության մասին է խոսում, ովքեր չեն կարողանում վեր կանգնել անձնական կաշկանդվածությունից: Առաջարկ է եղել նաեւ Արդարադատության խորհրդում ընդգրկել թոշակի անցած պրոֆեսիոնալ իրավաբանների, ովքեր իրենց փորձով կնպաստեն այդ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Բանախոսների կողմից կարեւորվել է Սահմանադրության՝ որպես հասարակական համաձայնության ինստիտուտի արժեհամակարգային բաղկացուցիչը, որը պետք է ապահովի մայր օրենքի գործառնական բավարար մակարդակ՝ հաշվի առնելով անցումային հասարակության արժեհամակարգային փոփոխությունների դինամիկան: Քննարկման ավարտին կազմակերպվել է նաեւ հարցուպատասխան: Ներկաներին մտահոգում էին դատական համակարգի անկախության մեխանիզմների ապահովման, ատենակալների ինստիտուտի ներդրման, դատական եռաստիճան համակարգից երկաստիճանի անցման եւ այլ հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: