Իջեւանի զորամասերից մեկում մայիսի 10-ին մահացած Ներսես Կարապետյանի գործով նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, իսկ մարտական հենակետի բոլոր զինծառայողները, զորամասի մի շարք սպաներ եւ այլ զինծառայողներ հարցաքննվել են: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Մայիսի 10-ին զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ: Նույն օրը որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Նախաքննության համար կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: Մայիսի 14-ին Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը, քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել է: Վերջինիս բացատրվել են օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ եւ այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը եւ դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:
Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների եւ ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:
Նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին պարբերաբար տեղեկութոյւններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Ավելի վաղ NEWS.am-ին Ներսեսի հարազատներն ասել էին, որ անցել է մոտ 20 օր, սակայն ձերբակալված անձ դեռ չկա:





























