Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մայիսի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու եւ տեղի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Արցախի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե վարչապետը ներկայացրել է վերջին ամիսներին համայնքում գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով, մասնավորապես, զգալի միջոցներ են ներդրվել բարձր հզորության պոմպակայան կառուցելու համար, որը թույլ է տալիս ավելի քան 1000 հեկտար հողատարածք ոռոգել: Արդյունքում գարնանը հարյուրավոր հեկտար դաշտեր են մշակվել կառավարության աջակցությամբ, որոնցից ստացվելիք շահույթը բաշխվելու է Թալիշի բնակիչների միջեւ:

Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման եւ ապագա եկամուտների բաշխման ձեւաչափին՝ վարչապետը կոչ է արել բնակիչներին քննարկումներ ունենալ դրանց վերաբերյալ, քանի որ Թալիշի հետագա զարգացումը կախված է լինելու այդ որոշումից: Ա. Հարությունյանը, ներկայացնելով մի քանի հավանական տարբերակներ, կողմ է արտահայտվել կոոպերացիայի ստեղծմանը, որը, ըստ նրա, տվյալ պայմաններում լավագույն ձեւաչափն է գյուղի զարգացման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է Թալիշի ռազմավարական նշանակությունը եւ այդ համատեքստում նշել, որ ոռոգովի հողատարածքները պետք է ծառայեն համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Նրա խոսքով՝ ինքը, որպես թե՛ վարչապետ, թե՛ քաղաքացի, նշանակալի աջակցություն է ցուցաբերելու գյուղի արագընթաց զարգացմանը: