Իսրայելի ռազմածովային ուժերի՝ միջազգային նավատորմի վրա հարձակում գործելու առիթով Թուրքիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Համաձայն ՌԻԱ Նովոստիի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր հերթին հայտարարել է, որ ցնցված է Իսրայելի ռազմածովային ուժերի գործողություններից։ Նա ընդգծել է, որ դատապարտում է սպանությունները եւ կոչ է անում միջադեպի լիարժեք եւ մանրամասն հետաքննություն իրականացնել։
Իսրայելական զինվորականները մայիսի 31-ին գրոհով վերցրել են միջազգային նավատորմի նավերը, որոնք շրջափակված Գազայի հատված էին տեղափոխում հարյուրավոր իրավապաշտպանների եւ հազարավոր տոննա մարդասիրական բեռներ։ Ճշտված տվյալներով, գրոհի արդյունքում զոհվել է 19 իրավապաշտպան, մեծ մասը՝ Թուրքիայից։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։




























