«Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողություններին ներգրավված ուկրաինացի զինծառայողները բողոքում են, թե երկրի պաշտպանության նախարարության կողմից հայտարարված օգնություններն իրենց չեն հասնում:

«Խոսքը ամերիկյան օրապահիկների մասին է: Նախարարությունից խոստացել են օգնության` ստորաբաժանումներին բաշխման կարգի վերաբերյալ բացատրություններ տալ: Սակայն հարցը նրանում է, որ հակաահաբեկչական գործողությունների գոտում տեղակայված ստորաբաժանումները միայն փաստաթղթեր են ստանում, բայց ոչ իրական օգնություն: Հիշյալ բողոքների մասին նաեւ լրատվամիջոցներն են հայտնել», - գրել է Տիմչուկը Facebook-ի իր էջին` հավելելով, որ իր համակարգմամբ գործող խումբը հետաքննություն է սկսում, որի արդյունքներն անպայման կհաղորդվեն:

Իր հերթին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հերքում է ռազմական գերատեսչության առնչությունը ամերիկյան օրապահիկների հետ կապված անօրինական գործարքներին:

Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ մասնավոր հայտարարությունների եւ ինտերնետ-աճուրդների համար նախատեսված ուկրաինական կայքերում ամերիկյան օրապահիկներ են վաճառքի հանվել: