Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ին, որն իրականացնում է «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման եւ սպասարկման ծառայությունները, եւ այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները պարզել են, դաշտում առկա ընկերություններից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը» տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ:  Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրորդային, կամ այլ կերպ ասած՝ միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:

Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է: 

Այսպիսով, Հանձնաժողովի դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը»  չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը: Փաստացի, կայքերի գրանցման ծառայությունները  12 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց, իր հերթին նաեւ հիմնադրել է «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը, որի  միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը եւ այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել: Իրավախախտ ընկերությունը ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ 10  մլն  դրամի չափով:

Խնդրի հետ կապված «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը նշեց, որ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը»  փաստորեն ստիպում է հանրությանը օգտվել մի ծառայությունից, որը իրականում կարող է շատ ավելի մատչելի լինել ձեռքբերման եւ ծառայության վճարի տեսանկյունից: Ըստ Ա. Եսոյանի վերջինը փոխկապակցված անձանց միջոցով թելադրվում է մեկ գին, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի շուկայում ի հայտ գան նոր կազմակերպություններ, որոնք կարող են ավելի ցածր գին առաջարկել նման ծառայության համար: «Այս խնդիրը այսօր շատ արդիական է, քանի որ մեր երկրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը մենք հայտարարել ենք գերակա ուղղություն եւ ուզում ենք որպեսզի ոլորտը զարգանա:  Եթե մենք ունենանք ազատ շուկա, որտեղ դոմեններ վաճառող միջնորդ կազմակերպությունները կարողանան ինքնուրույն որոշել մրցակցային գինը, ապա այդ ոլորտը բնականաբար կզարգանա, եւ օգտագործողներն էլ կավելանան»

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր հերթին նկատել է, թե հարցը  խնդրահարույց է առավելապես փոքր բիզնեսի եւ անհատ ձեռներեցների համար, քանի որ նրանք չունենալով բավարար ֆինանսական միջոցներ չեն կարող իրենց գովազդը իրականացնել հեռուստաընկերություններով կամ մամուլով, եւ ինտերնետային կայք ունենալը հանդիսանում է գովազդի այլընտրանքային եւ քիչ ծախսատար միջոց: