Հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես են հայ արեւմտամետները փորձում Աստանայում «կստորագրի-չի ստորագրի» հարցը մեծ խնդրի վերածել: Լրագրողներին ուղղված այս հայտարարությունը մայիսի 30-ին խորհրդարանում ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է հնչեցրել:

«Հայաստանը Աստանայում փաստաթղթի ստորագրում չէր էլ պլանավորել, բայց դա մոտ ապագայում տեղի է ունենալու, եւ մենք արդեն մեկնաբանություններ տվել ենք այդ մասին: Ժպիտ էր հարուցում մեկ այլ բան` թե ինչպես են Եվրասիական միության շրջանակում Ղարաբաղի ճակատագրի հարցը բարձրացնող արեւմտամետ գործիչներն ամեն ինչ դրամատիկացնում: Իսկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ  Ջեյմս Ուորլիքի` Ղարաբաղի հարցի շուրջ հայտարարության նկատմամբ նրանց արձագանքը նույնքան փոթորկալի՞ց էր: Կամ հուզումները` նույնքան մե՞ծ, երբ Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ուղղությամբ էր ընթանում: Չէ՞ որ այնտեղ էլ Ղարաբաղի հարցը կար: Գոնե մտածո՞մ էիք, թե ինչպես է այն լուծվելու», - հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: