«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը (նրան ներկայացնում են որպես Նորայր Հարությունյան), որոնք ըստ նախնական վարկածի՝ վեճի են բռնվել մեղադրյալ Գոռ Առաքելյանի հետ, հայհոյել եւ ծեծի ենթարկել վերջինիս, դեռ բողոք չեն ներկայացրել ոստիկանություն եւ ամենայն հավանականությամբ չեն էլ ներկայացնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Տղաները բողոք չեն ներկայացրել, չեմ էլ կարծում, որ կներկայացնեն: Ամեն դեպքում դեռ ցուցմունք էլ չեն տվել, չեն խոսում, ասում են՝ մեզ հարցեր մի տվեք»,- ասաց նա:
Անդրադառնալով վիրավորների առողջական վիճակին՝ Վարդուհի Էլբակյանն ընդգծեց, որ նրանք դեռ քայլել չեն կարողանում, վիճակները ծանր կայուն են:
«Վալերիի աղիքների կեսը վիրահատված է, ակնողնուց վեր կենալ չեն կարողանում, հնարավոր է՝ երկրորդ վիրահատության կարիք լինի, հաստատ չի, բայց չի բացառվում: Իսկ Ներսեսինն էլ ոտքն է վնասված, բնականաբար, ինքն էլ դեռ քայլել չի կարողանում: Դուրսգրման մասին խոսք անգամ չկա»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Վալերիի եւ Ներսեսի հիվանդասենյակների մոտ ոստիկաններ են հերթապահում, որոնք հիվանդներին տեսության թողնում են միայն հարազատներին եւ փաստաբաններին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։





























