Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում մայիսի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված 52-ամյա Օնիկ Լիսանյանի առողջական վիճակը նորմալ է, մատն է վնասվել, այս պահին դեռ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին ասաց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը:
«Օնիկը իջել էր լճի մոտ՝ սունկ հավաքելու, որտեղ էլ ինչ որ իր էր գտել, փաստորեն պայթուցիկ, չի հասկացել, թե ինչ է, բերել է գյուղ, սկսել ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ է, եւ ձեռքի մեջ պայթել է: Լուրջ վնասվածքներ չունի, մատն է վնասվել, պայթուցիկից ինչ որ բան էլ աչքի մեջ է ընկել, տեղափոխել են հիվանդանոց ու հիմա ամեն ինչ նորմալ է»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 30-ին ժամը 16.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում` լճի ափին, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Պարզվել է, որ անհայտ պայթուցիկ սարքը լճափնյա տարածք է բերել գյուղի բնակիչ` 52-ամյա Օ. Լ.-ն: Պայթուցիկ սարքի կիրառման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Օ.Լ.-ն. տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ:





























