Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մայիսի 30-ի դատական նիստից հետո տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Վիճակը նույն է, թույլ է, արյուն է փսխում, բայց տեղափոխել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հուսով եմ, որ այնտեղ գոնե բժիշկների հսկողության ներքո կգտնվի»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Դավիթի առողջական վիճակը չկարգավորվելու դեպքում կմիջնորդեն, որ նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»։

Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Լյուքս Ստեփանյանի հարազատների այն մեղադրանքներին, որ իր պաշտպանյալի բերան կարելը իր ծրագիրն է եղել, ասաց. «Նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ ոչ մի փաստաբան իր հաճախորդին խորհուրդ չի տա, որ բերանը կարի ու հացադուլ անի։ Ընդհակառակը, մեր բազմաթիվ հորդորներից հետո Դավիթը հետ կանգնեց այդ մտքից»։

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից ուղիղ 17 օր կարել էր բերանը՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով մեղադրողի՝ 18 տարվա ազատազրկման պահանջին: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: