Սեւանա լճում արդյունաբերական ձկնաբուծություն կազմակերպելու մասին նախագծի ռիսկերը դեռ չեն որոշվել: Հայտարարությունը մայիսի 31-ին խորհրդարանում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է հնչեցրել: Նրա խոսքով, բնապահպանության նախարարության վերջնական դիրքորոշումը նախագծի վերլուծությունից է կախված: «Եթե տեսնենք, որ ծրագիրը լճի համար վտանգ չի ներկայացնում, չենք առարկի: Հակառակ դեպքում դրա իրականացումն, իհարկե, անհնար է», - հայտարարել է նախարարը` հավելելով, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը մոտ ապագայում է իրականացվելու:
Հիշեցնենք` 2013թ. կառավարության հանավությանն արժանացած ծրագիրը իշխանի բաց` վանդակային եղանակով (ցանցերով շրջապատված) բուծում է նախատեսում: Մինչեւ 2023թ.-ի համար անհրաժեշտ բյուջեն 66 մլրդ դրամ (շուրջ 162 մլն ԱՄՆ դոլար) է գնահատվում: Ծախսերը հիմնականում մանրաձկերի բուծմանը, պահպանմանը եւ վերամշակող գործարանի կառուցմանն են ուղղվելու: Արտադրանքի 75 տոկոսը` թարմ, սառեցված, ապխտած եւ պահածոյացված ձկան տեսքով, արտահանվելու է: Ծրագիրը նախատեսում է առաջիկա տասը տարիների ընթացքում (մինչեւ 2023 թ.) իշխանի տարեկան արտադրության ծավալները 50 հազար տոննայի հասցնել:




























