Հայաստանի արդարադատանության նախարար Հովհաննես Մանուկյանը խոստանում է աշխատանքից ազատել արդարադատության փոխնախարարին, եթե նա չթողնի ծխելը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Նա մասնավորապես, նշել է.
«Մինչեւ վերջնականապես չծխողների շարքը համալրելը, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ պարբերաբար թողնում էի ծխելը...: Եվ ինչ որ պահի, սրանից տարիներ առաջ հասկացա, որ ծխելը ոչ միայն ինքնակործանում է, այլեւ անազնիվ եւ անպատասխանատու՝ հարազատներիդ եւ շրջապատիդ համար:
Այսօր հետաքրքիր բան պարզեցի, որ մեր փոխնախարարներն ու ես ճշտորեն համադրելի ենք աշխարհում ծխողների եւ չծխողների թվի հարաբերակցությանը. այսինքն 5-ից մեկն է ծխում: Այժմ հայտարարում եմ, որ եթե մինչեւ մյուս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրը փոխնախարարը չմիանա մեզ՝ չծխողներիս, ապա կկանգնի մեր թիմից դուրս մնալու իրական վտանգի առջեւ:
Բոլոր ծխողներին խորհուրդ եմ տալիս եւ հորդորում թողնել այդ կործանարար սովորությունը, հենց թեկուզ նրա համար, որ չծխողներն ավելի պայծառ երազներ են տեսնում»:
Նշենք, որ այսօր Առանց ծխախոտի միջազգային օրն է (World No Tobacco Day): Այն հռչակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1988-ին:




























