Ուսուցիչներն ու գիտաշխատողները սպառնում են հրապարակել այն դպրոցների եւ կրթական հաստատություների անունները, որոնք կուտակային կենսաթոշակի համար պահումներ չկատարելու մասին դիմումներ իրենց աշխատողներից չեն ընդունում։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին լրագրողներին ասացին կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցները։

«Մենք դեռ  չենք բարձրաձայնելու այն դպրոցների անունները, որոնք դիմում չեն ընդունել, սակայն եթե դիմումները շարունակվեն չընդունվել, հրապարակելու ենք բոլոր այն կրթական հաստատությունների անուները, որոնք դիմում չեն վերցրել»,- ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ իրենք դեռ չեն հասկանում՝ քաղաքապետարանն է շրջանցում օրենքը՝ չընդունելով դպրոցների աշխատողների դիմումները, թե դա տնօրենների նախաձեռնությամբ է տեղի ունենում։

«Սրանից ավելի գործատուները ի՞նչ հրահանգ պիտի ստանան, որ դիմումները վերցնեն, եթե հանրապետության նախագայի ստորագրած օրենքը հրաման չէ իրենց համար»,- ասաց թիվ 50 դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը։

Ուսուցիչներն ու գիտաշխատողներն ասացին, որ եթե տնօրենները շարունակեն չընդունել դիմումները, իրենք չեն լռելու, իրազեկման ակցիաներ են անցկացնելու, որ ավելի շատ ուսուցիչների ներգրավվեն եւ բարձրաձայնեն իրենց այս եւ մյուս բոլոր խնդիրները։

«Եթե կրթության գիտության նախարարը չի կարող մեզ պաշտպանել, թող բարի լինի՝ լքի իր պաշտոնը եւ ասի այն մարդու անունը, ով կարող է պաշտպանել մեր իրավունքները»,- ասաց Օվսաննա Հարությունյանը։

Ուսուցիչները նաեւ ասացին, որ եղել են  դպրոցներ, որոնք դիմումները ընդունել են։

«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Անի Հովհաննիսյանն էլ կրթության եւ գիտության այն աշխատակիցներին, որոնց գործատուները չեն ընդունում դիմումները, խորհուրդ տվեց դրանք ուղարկել փոստով, որպեսզի ապացույց ունենան, որ դիմումներն ուղարկվել են, եւ հավաստեց, որ «ԴԵՄ ԵՄ» շարժումը նրանց կողքին է եւ օգնելու է ամեն հարցում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշեցնենք` մայիսի 15-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակումներին, որոնք կուտակային կենսաթոշակային մասհանումները կամավոր են դարձնում` մինչեւ կենսաթոշակային բարեփոխման վերջնական ճակատագիրը որոշող նոր կառավարական օրինագիծը կներկայացվի: