«Առաքելություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ նախագահին, խմբակցություններին ու Կառավարությանն առաջարկել է գյուղատնտեսական վարկերի համաներում իրականացնել:

Կուսակցության ներկայացրած առաջարկի պարզաբանման մեջ մասնավորապես, ասվում է.

«Այսօր բազմաթիվ գյուղացիներ ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ ՀՀ առեւտրային բանկերի նկատմամբ, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, բերքի իրացման հետ կապված խնդիրները եւ այլն: Այս պարագայում նրանք կանգնած են ինչպես իրենց ունեցվածքի կորստի, այնպես էլ՝ գյուղատնտեսական գործունեության դադարեցման վտանգի առաջ:

Պետության կողմից վարկերի տոկոսադրույքի սուբսիդիաները որեւէ էական արդյունք չեն տալիս. տարեկան ընդամենը 4 տոկոսի սուբսիդավորումը նվազեցնում է գյուղացու հոգսը ընդամենը ամսական 3000-4000 դրամով, որը չի կարող հանդիսանալ պետության կողմից լուրջ օգնություն:

Ըստ այդմ, առաջարկվում է կիրառել վարկային համաներում, որը հնարավորություն կտա ցուցաբերել զգալի օգնություն գյուղացիներին: Համաներումն առաջարկվում է կիրառել հետեւյալ սկզբունքով`

• Համաներումը կիրառել 01.05.2014թ. դրությամբ բանկերի նկատմամբ 30 օրից ավել ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող գյուղացիների վրա, որոնց ժամկետանց վարկային պարտավորությունները չեն գերազանցում 3 մլն ՀՀ դրամը,

• Ժամկետանց վարկային պարտավորությունների ստացման իրավունքը ձեռքբերել բանկերից` այդ գումարը փոխհատուցել բանկերին 5 տարվա ընթացքում,

• Կառավարության հանդեպ ձեւավորված պարտավորությունների մարման համար սահմանել մարման ճկուն գրաֆիկ` առանց տոկոսագումարի հաշվարկման,

• Վարկերի հետգանձման համար ՀՀ դատարաններ եւ ԴԱՀԿ դիմելու համար բանկերի կողմից պետական տուրքեր վճարած լինելու դեպքում այդ գումարները վերադարձնել բանկերին, որոնց վճարումը հանել վարկառուների պարտավորություններից,

• Վարկերի մնացորդները վերաձեւակերպել նոր վարկերի` 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոս տոկոսադրույքով, ՀՀ դրամով,

• Վարկերի մնացորդի չափով բանկերի տրամադրել վերաֆինանսավորման միջոցներ ՀՀ դրամով 5 տարի ժամկետով, առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով,

• Վերաձեւակերպված վարկերը համարել ստանդարտ վարկեր` բանկերից չպահանջելով իրականացնել հատուկ պահուստների ձեւավորում»: