Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մայիսի 29-ի հայտարարության վերաբերյալ Վլադիմիր Պուտինը Հայաստանին կասի, թե ինչպես արձագանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Մենք արդեն ամեն ինչ այնքան ենք զիջել, որ մենք այլեւս նման քայլի հնարավորություն մեզ չի թողնվում: Կարծում եմ՝ սա պուտինյան պրոյեկտ է, որտեղ Պուտինը ցանկանում է նախ այնպես անել, որ հետխորհրդային երկրները Եվրամիությանը չանդամակցեն, ինչպես նաեւ իրենց պետք է երկրների թվարկում, որ այս, այս երկրները իրենց կողքին են: Այսինքն Հայաստանն արդեն այս առումով հայտնվել է այդ ցուցակում, այլեւս հետ գնալու տեղ չունի: Նազարբաեւի հայտարարության մասին էլ Հայաստանը ասելու բան չունի, Պուտինը կասի՝ ինչ ասենք: Կարծում եմ, որ Նազարբաեւը Ալիեւի նամակը կարդացել է Պուտինի խնդրանքով: Հայաստանը չի կարող հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, Հայաստանը չի կարող Մաքսային միություն չմտնել, այնպես որ Վլադիմիր Պուտինը միջին որոշում կկայացնի»,- ասաց նա:
Ամեն դեպքում քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի լինելու, ինչպես նաեւ Հայաստանը Մաքսային միությանը չի անդամակցի:
«Կարծում եմ, որ Հայաստանը չի դառնա Մաքսային միության լիարժեք անդամ, կարող է երկրորդական անդամի պայմանագիր ստորագրի: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը եվրոասոցացման պայմանագիր չկնքի, ընդամենը դրա համար է այս ամեն ինչը արվում:
Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիեւ կողմից հասցեագրված նամակի մասին է հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն ընդունելու կոչ է արվում: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:





























