Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված եւ հունիս ամսվա սկզբներին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 25 եւ բարձր) հետեւանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում եւ պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետեւել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն՝ 10-14 օր պարբերականությամբ կատարել նախազգուշական (կանխարգելիչ) բուժումներ՝ չսպասելով մինչեւ հիվանդությունների նշանների ի հայտ գալը:

Նպատակահարմար է նշված հիվանդությունների համար նախատեսված բույսերի պաշտպանության միջոցները համատեղել որեւէ միջատասպան պրեպարատի հետ՝ միաժամանակ խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու նպատակով:

Անհրաժեշտ է վերահսկել եւ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել նաեւ պտղատու այգիներում, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերում՝ հիվանդությունների ու վնասատուների զարգացումը բացառելու ուղղությամբ:

Չնայած այն բանին, որ մեր գյուղացիական տնտեսությունները այս կամ այն չափով ծանոթ են գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ կիրառվող պայքարի միջոցառումներին, այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը բարձրացնելու, թունաքիմիկատների ավելորդ ծախսերից խուսափելու, էկոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սերտորեն համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ եւ մշտապես հետեւել նրանց խորհուրդներին ու ցուցումներին: