Երեւանի մանկական երկաթուղում, այսօր` հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 18-ին ավարտվեց NEWS.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Միջոցառման ավարտից հետո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մասնակցույթյամբ հաշվվեց ամբողջ գումարը եւ պարզվեց, որ 7 ժամվա ընթացքում պաղպաղակի և այլ իրերի վաճառքից նախնական հաշվարկով հավաքվել է 810 հազար դրամ, սակայն ձեռագործ իրերի վաճառքի արդյունքները վերջանականապես հաշվելուց հետո այս գումարը կմեծանա: (ֆոտոռեպորտաժ)
Ակցիային իրենց մասնակցությունն ունեցան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ քաղաքական գործիչներ: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, Մարգարիտ Եսայանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Հանրային ռադիոյի լրագրող Արմինե Գեւորգյանը, դերասանուհիներ Լուիզա Ղամբարյանը, Անաիսա Ստեփանյանը, Շուշաննա Թովմասյանը, երգչուհիներ Անահիտ Սիմոնյանը, Լուսինե Աղաբեկյանը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինե Պեպելյանը, Նարինե Դովլաթյանը, Լիլուն, DJ Վակցինան, Ամարաս պարի խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ու խմբի պարողները, դիզայներներ Ֆաինա Հարությունյանը, Դիանա Շատվերյանը, Արփինե Կոշտոյանը:
Բարեգործական ցուցահանդես-վաճառքին այցելեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, նախարարներ և այլ պաշտոնյաներ:
Նշենք, որ NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաեւ զբոսայգու բոլոր այցելուները, որոնք տեղեկանալով, որ ցուցահանդես- վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն՝ գնումներ էին կատարում ավելի հաճույքով։
Նշենք, որ այս տարի բարեգործական ակցիայի հասույթը գերազանցեց նախորդ տարվա արդյունքները:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրեց բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։
Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունը ցուցաբերեցին «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր էին։ Հովանոցները տրամադրել էր «Կոկա-կոլա» ընկերությունը։ Ակցիան տեւեց ժամը 11-ից մինչեւ 18-ը։





























