Ռուս երգիչ Դիմա Բիլանը, «Նոր ալիք» երաժշտական մրցույթից հետո Ռիգայի հյուրանոցներից մեկում աղմկոտ սկանդալ է սարքել, ապա լուրջ խնդիրներ առաջացրել հյուրանոցի ադմինիստրացիայի համար: Բանն այն է, որ իր ընկերների հետ հյուրանոցի բարում մի լավ ուրախանալուց հետո, նա «մոռացել է» վճարել 2000 եվրոյի հասնող հաշիվը: Այդ հաշվի մեջ մտնում է ինչպես պատվիրված ալկոհոլի, այնպես էլ աղմուկի համար նախատեսված տուգանքի գումարը: Տեղի օրենքներով, նա պարտավոր էր վճարել 400 եվրո բարձր աղմուկ բարձրացնելու եւ դրանով հյուրանոցի մյուս այցելուների հանգիստը խանգարելու համար:

«Այո, Դմիտրին իսկապես մեզ պարտք է մնացել իր ստեղծած անհարմարությունների համար: Մենք նրա նկատմամբ որեւէ առարկություն չենք ունենա, եթե նա կատարի իր խոսոտւմները: Նա մեզ պարտք է նաեւ աղմուկի համար` 400 եվրո: Այդպիսին են կանոնները»,- ասել է «Բերգս» հյուրանոցի մենեջերը:

«Նոր ալիք»-ի մենեջերների խոսքով, Բիլանի կողմից հյուրանոցում կազմակերպված ընկերական երեկոն նրա վրա նստել է 2000 եվրո, որից 1600-ը ալկոհոլի համար վճարվելիք գումարն է:

Ինքը Դմիտրին, պնդում է, որ ոչ մի անօրինական բան չի արել եւ իրեն մեղավոր չի համարում: «Մենք գուցեեւ բարձր ենք խոսել, բայց ինձ հյուրանոցում չեն զգուշացրել, որ դա չի կարելի: Սովորաբար, նման հյուրանոցների համարներում աղմուկը խլացնող սարքեր են լինում, մենք էլ որոշեցինք երաժշտության ձայնը բարձրացնել սովորականից ավելի»,- ասել է Բիլանը: