Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի արտահայտությունը պետք է ընդունել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Ղազախստանի եւ օրինակ, վերջինիս՝  Ռուսաստանի, ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների համատեքստում: Այս մասին հունիսի 2-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Նազարբաեւը ըստ էության ոչինչ չի խոսել Ղարաբաղի մասին՝ կոչ անելով, որպեսզի Հայատանը ԵԱՏՀ մտնի իր ճանաչված սահմաններով: «Որեւէ մեկը մտածե՞լ է, որ Հայաստանը միություն կմտնի այլ սահմաններով կամ ԵԱՏՀ-ին անդամակցի որեւէ այլ տարածքներով: Իհարկե, ոչ: Երբ ընթանում էր ասոցացման համաձայնության գործընթացը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, որեւէ մեկը մտածո՞ւմ էր, որ Ղարաբաղը նույնպես մտնելու է ներառվելու է ԵՄ ասոցացման մեջ»,- հարցադրում արեց Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ն Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հայտ չի ներկայացրել, քանի որ չի կարող դա անել, եւ Հայաստանը ԵԱՏՀ-ում կընդգրկվի, որպես Հայաստան: «Իրականում, այո՛, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գոյություն ունի տնտեսական իմաստով միասնական տարածություն եւ այն ինչպես եղել, այնպես եւ կլինի հետայսու», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստին, որ Նազարբաեւը շատ ջերմ խոսքերով շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: «Բացի այդ, Բելառուսը բավականին լուրջ տարաձայնություն ուներ Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Բելառուսը Մաքսային միության անդամ է: Բանն այն է, որ ՄՄ-ը Ղազախստանի եւ Ռուսաստանի, Բելառուսի միջեւ մշտական հակասությունների տարածք է: Դա մի վայր է, որտեղ անընդհատ փորձում են մշակել երկրների միջեւ փոխազդեցության որոշակի միջոցներ եւ դրա համար օգտագործում են ինչ պատահի», -հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընգծելով, որ կօգտագործեն թե՛ Հայաստանը եւ թե՛ Լեռնային Ղարաբաղը նույնպես:

Հիշեցնենք, որ Աստանայում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ մայիսի 29-ին Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որը պարունակում էր կոչ՝ ընդունել Հայաստանին Եվրասիական միություն միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել էր բոլոր փաստթղթերի շտապ ստորագրման անհրաժեշտությունը՝ փաստացիորեն անտեսելով Ալիեւի նամակի ուղերձը: