«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բատնախուցը, որտեղ պահում են պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանին, պայմաններն անտանելի են։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը։
«Վոլոդյան տաքսոֆոնով ինձ զանգահարել է եւ պատմել, որ իրենց մոտ ահավոր վիճակ է։ Սենյակը շատ փոքր է՝ 20 քառակուսի մետր, 10 կալանավորի համար 8 մահճակալ է դրած, շարժվելու տեղ չկա, ի՞նչ պետք է կալանավորները անեն, հերթափոխո՞վ քնեն»,-ասաց Գագիկ Սարուխանյանը։
Նրա խոսքով՝ կալանավայրում նաեւ շատ մեծ խնդիր է սնունդը, որից ընդհանրապես կալանավորները չեն օգտվում. «Ամբողջ սնունդը ապահովում են կալանավորների հարազատներն ու ընկերները, որովհետեւ այդ ուտելիքը ուտելու չի։ Այդ ուտելիքը այնպես են եփում, որ միայն խոզերը կարող են ուտել»։
Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը, լինելով ակտիվ հասարակական գործիչ, ահազանգել է կալանավայրի այդ վիճակի մասին, նաեւ կարծում է, որ դա դիտավորություն է իր հանդեպ։
«Հերիք չի, որ Վոլոդյային կեղծ մեղադրանք առաջադրելով՝ մեկուսացրել են հասարակությունից, մի հատ էլ անտանելի պայմաններ են ստեղծում կալանավայրում, ինչը, ես կարծում եմ, որ նույնպես նրան ճնշելու միջոց է»,-ասաց Գագիկ Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























