Ղազախստանի նախագահ Նազարբաեւի մայիսի 29-ի հայտարարությունը գռեհկություն էր: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային ու քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությանը, թե Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է մաքսակետ գործի:

«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ չի կարող մաքսակետ դրվել, մաքսակետ չի դրվի, սա նույնիսկ ստորացուցիչ է Հայաստանի համար: Ես համոզված էի, որ Սերժ Սարգսյանը նրան իր տեղը ցույց կտար, մանավանդ ինքը հյուրի կարգավիճակում էր, եւ դա գռեհկություն էր, որ թույլ տվեց պարոն Նազարբաեւը: Պարոն Նազարբաեւին պետք էր տեղում պատասխան տալ: Դա ցավոք սրտի չարվեց, եւ սա վիրավորեց հանրապետության բոլոր քաղաքացիներին մեկ առ մեկ»,- ասաց նա:

Փորձագետի կարծիքով՝ ՀՀ նախագահը Նազարբաեւին չպատասխանեց, որովհետեւ հնարավոր է՝ անսպասելի հայտարարություն էր, սակայն այս դեպքում նույնիսկ Սերժ Սարգսյանն արդարացում չունի. նա պետք է պատրաստ լիներ այսպիսի հայտարարությունների:

«Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը դադարեցնի Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությունն ու մասնակցությունը, որովհետեւ դա արդեն իսկ թիվ մեկ վտանգն է դարձել Հայաստանի անվտանգության համար: Վտանգն ուղղակի է, անմիջական, եւ մեզ շատ կարճ ժամանակ է մնում այդ վտանգին դիմագրավելու համար»,- ավելացրեց Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am