Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով ազգերի ինքնորոշման սկզբունքը մեզ համար ծուղակ է, այնինչ Հայաստանը ավելի հզոր փաստարկ ունի եւ դա խնդրի իրավական լուծման տարբերակն է: Այս մասին նա ասել է այսօր` հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ԼՂՀ-ն 1991-ին կայացել է ադրբեջանական հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում, ինչը շատ հզոր փաստարկ է: «Մենք ինքներս սա փոխարինել ենք ազգերի ինքնորոշման փաստարկով, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի օրինական մաս է»,- ասել է Մանասյանը՝ խոստովանելով սակայն, որ դժվար կլինի այդ տարբերակը շրջնառության մեջ դնելը:

Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցին, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ այդ ուղղությամբ ինչ-որ բեկում, ակտիվության, նախաձեռնողականության շեշտադրումներ են նկատվում: Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարները պետք է ակտիվ լինեն, ինչպես օրինակ Էրդողանն է ակտիվ, ով մշտապես հանդիպումների մեջ է արտասահմանում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, Մանասյանը նշել է, որ այդ գործընթացում Հայաստանը չի պարտվել, անգամ շահած է դուրս եկել: «Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման այս ռաունդը մենք տանուլ չենք տվել, ես այդպես եմ գտնում, որովհետեւ եթե ոչինչ էլ տակը չմնա, մնում են Հայոց ցեղասպանության քննարկումներն ամբողջ աշխարհով մեկ, եվրոպական երկրներով մեկ, եւ եթե մենք մեր տանը նստեինք, դա այն արդյունքը չէր տա, երբ այսօր Եվրոպան է Թուրքիային դրդում որոշակի հարաբերությունների մեջ մտնել Հայաստանի հետ»,– ասել է նա: