Տյումենում երիտասարդ ադրբեջանցիների գազազած ամբոխը հաշվեհարդար է տեսել վիրավորի հետ` հենց անմիջապես հիվանդանոցում:
Aktualno.ru-ն փոխանցում է, որ մայիսի 30-ի գիշերը կռվից հետո հիվանդանոց էին բերել մի հիվանդի` մեջքին խրված դանակով: Քանի դեռ բժիշկները փորձում էին փրկել նրա կյանքը, ընդունարանում հավաքվել էր տուժածի «աջակցող խումբը»` իր 20 հայրենակիցներից: Երբ հայտնի է դարձել, որ հիվանդը մահացել է, խումբը ավերածություն է կազմակերպել: Այդ ժամանակ շտապօգնությունով հիվանդանոց են բերել 1991 թ. ծնված մի տղամարդու: Ճանաչելով կռվի մյուս մասնակցին` երիտասարդները ծեծել էին վերջինիս բուժանձնակազմի աչքի առաջ եւ դանակահարել` դանակը խրելով գանգի մեջ:
Ըս tumix.ru –ի` առաջին զոհը Աթաշ Ղուրբանովն է, ծագումով Ադրբեջանի Հանրապետությունից: Երկրորդ զոհի ինքնության վերաբերյալ դեռ տեղեկություն չկա: Ըստ ոչ պաշտոնական տվյալի` նա Վրաստանից է:
«Ըստ նախնական քննության` փողոցային կռվից հետո տարբեր ծանրության վնասվածքներով Տյումեն քաղաքի №2 հիվանդանոց են տեղափոխվել երկու տղամարդ: Տուժածներից մեկը ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել ծանոթներից մեկի մեքենայով, նա ընդունարանում մահացել էր: Երկրորդ տուժածը հիվանդանոց էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, սակայն հիվանդանոցի ընդունարանում մահացածի հարազատները եւ ծանոթները հարձակվել էին վիրավորի վրա, նրան տարել փողոց, դաժանորեն ծեծել եւ դանակահարել, որի հետեւանքով վերջինս տեղում մահացել էր», - ասվում է ՔԿ-ի հաղորդագրությունում: Սպանության փաստով` ՌԴ ՔԿ-ի Տյումենի մարզի քննչական մարմինները երկու քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ-ւ 105-րդ հոդվածի 1 մասով (սպանություն), 105-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն): Քննչական մարմինները հայտնում են, որ հանցագործությանը մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է, կատարվում են նրանց վայրը պարզելու եւ ձերբակալելու միջոցառումներ:





























