Պաշտպանության նախարարությունը պատասխանել է այսօր՝ հունիսի 2-ին NEWS.am-ում հրապարակված մայիսի 10-ին Իջեւանի զորամասերից մեկում մահացած զինծառայող Ներսես Կարապետյանի մոր բաց նամակին:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավաստիացնում ենք, կիսում է որդեկորույս մոր ցավն ու վիշտը, որդու մահվան հանգամանքները պարզելու մտահոգությունը եւ պահանջատիրությունը: Հավատացեք, որ այս խնդրում ամենից շահագրգիռը հենց ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի հրամանատարությունն է:
Եվ եթե կա մի դեպք, որն ունի իրավական հետաքրքրություն, ապա համոզված պետք է ընդգծել, որ ՀՀ ՊՆ ղեկավարության եւ ՀՀ զինված ուժերի հրամանատարության գերխնդիրն է հայտնաբերել եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ցանկացած օրինախախտի` անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից եւ զինվորական կոչումից: Թե ՀՀ պաշտպանության նախարարը, թե հայոց բանակի հրամանատարությունը, թե զինված ուժերի իրավապահ մարմինները հաստատակամ են ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու, զինված ուժերում արձանագրվող միջադեպերը նվազագույնի հասցնելու համար:
Այս տրամաբանությամբ բազմաթիվ օրինախախտներ կրել են իրենց արժանի պատիժը, եւ նրանցից շատ-շատերը հեռացվել են զինված ուժերի համակարգից, ինչի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է կոնկրետ գործերով դատաքննությունն ավարտվելուց հետո:
Ինչ վերաբերում է Ներսես Ղազարի Կարապետյանի գործի քննության ընթացքին, ապա դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողները, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ եւ այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը` Սուսաննա Հարոյանը, տուժողի իրավահաջորդը եւ դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:
Կատարվել են նաեւ մի շարք այլ անհրաժեշտ քննչական գործողություններ եւ նշանակվել անհրաժեշտ փորձաքննություններ: Քրեական գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների եւ ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը, պարզել իրականությունը եւ իրավական գնահատական տալ կատարվածին:
Դեպքի օրվանից սկսած նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործի քննության ընթացքը գտնվում է պաշտպանության նախարարի անմիջական վերահսկողության ներքո»:





























