Ապազգային վարչախումբը եւ նրա պարագլուխ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հրաժարվել են անգամ արտաքին քաղաքականության իմիտացիայից եւ բացահայտ կերպով որդեգրել են դավաճանական վարքագիծ` պաշտոնապես ուրանալով Արցախը ու հանձնելով Հայաստանի ինքնիշխանությունը: Այս մասին ասված է «Նախախորհրդարանաի» տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վարչախումբը ժողովրդի կամքի ոտնահարմամբ Հայաստանը դարձնում է մեռելածին Եվրասիական Տնտեսական Միության անդամ, որը ստեղծվում է հերթական անգամ համընկած ռուսական կայսրապետական եւ թյուրքական ծավալապաշտական շահերի իրացման նպատակով:

Այս աշխարհաքաղաքական գործընթացում իրավազուրկ օբյեկտի կարգավիճակ ունեցող Հայաստանի ներառումը աղետալի հետեւանքներ կունենա մեր պետության եւ ազգի համար:

Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ս.թ. մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական Տնտեսական Միության գագաթաժողովում Ղազախստանի արտահայտած ադրբեջանամետ դիրքորոշումը, դրա նկատմամբ Ռուսաստանի եւ Բելառուսի լուռ համաձայնությունը, այդ Միությանը Թուրքիային ներգրավելու ուղղությամբ ցուցադրական քայլերը:

Առանձին բացառությունները չհաշված, Հայաստանը (Արցախը ներառյալ) ռուս-թյուրքական դաշինքին հանձնող վարչախմբի եւ նրա օտար տերերի վերահսկողության ներքո գտնվող քաղաքական վերնախավը կամ պաշտպանում է այս դավաճանությունը կամ էլ սահմանափակվում է կեղծ ընդդիմախոսությամբ:

Եթե յուրային տականքի աջակցությամբ իրականացվող ռուս-թյուրքական այս հերթական դավադրությունը հաջողի, ապա Հայաստանի (Արցախը ներառյալ) ժողովուրդը կկորցնի ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլեւ կկանգնի ֆիզիկական ոչնչացման ենթարկվելու անմիջական վտանգին դեմ հանդիման: 

Նախախորհրդարանը, ահազանգելով համազգային աղետի մասին, ստանձնում է Հայրենիքի ազատագրման պատասխանատվությունը եւ այդ նպատակով ժողովրդին համախմբելու համար նախատեսում է ձեռնարկել համապատասխան քայլեր:

Նախախորհրդարանը մեր ժողովրդին կոչ է անում համախմբվել եւ պատրաստվել անհրաժեշտ պահին զանգվածաբար փողոց ու հրապարակ դուրս գալու եւ ազգային-ազատագրական պայքարի ամբողջ զինանոցի կիրառմամբ վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին հեռացնելու եւ մեր Հայրենիքը ռուս-թյուրքական դավադրության մահացու վտանգից ազատագրելու սուրբ գործին: