Երեւանի ջրագծերը վերանորոգվում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երեւան Ջուր» ընկերությունը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների որակի բարելավման գործում՝ շինարարական աշխատանքների, բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, նոր տեխնիկայի օգտագործման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ մեկտեղ Երեւան Ջուր ՓԲԸ-ն կարեւոր նշանակություն է տալիս պոլիէթիլենային խողովակների կիրառմանը:

Դրանց առավելություններն ակնհայտ են. ավելի երկարակյաց են ու դիմանում են ջրի բարձր ճնշման, էժան են ու կոռոզիայի նկատմամբ կայուն, դյուրությամբ են տեղափոխվում ու արագ մոնտաժվում: Ավելին, այս խողովակները ունեն եւս մեկ առավելություն՝ ճկունությունը:

Մայիսին, օրինակ, պոլիէթիլենային ջրագծեր կառուցվեցին Արին Բերդի փողոցի 4-րդ եւ 5-րդ նրբանցքներում: Ինչպես նշեց Արեւելք շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, առաջին հասցեում, Երեւանի նոր ՋԷԿ-ից մինչեւ Վիտամինների գործարան, ձգվում էր 600 մմ տրամագծով ջրագիծ: Այն ոչ միայն ֆիզիկապես մաշված էր, ինչը զգալի հոսակորուստների էր բերում, այլեւ անցնում էր բազմապիսի հիմնարկ-ձեռնարկությունների տարածքով ու սեփականաշնորված հողակտորներով, ինչը դժվարացնում էր ջրատարի շահագործումը:

Ավելին, այնտեղ զգալի էր նաեւ ապօրինի ջրօգտագործումը: Մինչդեռ Շենգավիթի ջրամատակարարման ցանցում վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում այս տարածքում այլեւս նման ջրատարի կարիք չկար, ջրի սպառման ծավալները նվազել էին: Այստեղից էլ ընդունված որոշումը. տվյալ ջրատարը ապամոնտաժել, իսկ փոխարենը կառուցել ընդամենը 110մմ տրամագծով 700 գծամետր պոլիէթիլենե խողովակ: Ինչը եւ իրականացվեց ընդամենը մեկ շաբաթում:

Նմանօրինակ խնդիր կար նաեւ երկրորդ հասցեում: Արգիշտի 5-րդ նրբանցքով ձգվում էին 550-ական մետր երկարությամբ ֆիզիկապես մաշված երկու՝ 300 մմ տրամագծով թուջե եւ 100 միլիմետրանոց երկաթե խողովակներ: Ամենուր առկա էր ջրի կորուստ, այդ թվում ապօրինություններով պայմանավորված, ու իրար հաջորդող վթարներ: Մինչդեռ այստեղ նույնպես նվազել էր ջրի սպառումը, ինչը անիմաստ էր դարձրել նշված ջրագծերի հետագա շահագործումը:

Ահա եւ օրերս ավարտվեց 110մմ տրամագծով նոր ջրագծի կառուցումը, որն իրականացվեց 300 միլիմետրանոց թուջե ջրատարի մեջ պոլիէթիլենե խողովակաշար ,,ներարկելու,, միջոցով: Դրանով իսկ վերջ դրվեց տարիներ ի վեր գոյություն ունեցող խնդրին: Ավելին, ներկայումս ընկերությունը նրբանցքում հիմնարկ-ձեռնարկությունների համար կառուցում է բետոնե դիտահորեր, որտեղ վերջիններս պետք է վերատեղադրեն սեփական ջրաչափերը: Ասել է թե կկանոնավորվի նաեւ ջրի վաճառքը տարածքում:

Զ.Սարկավագի եւ Հր.Քոչարի փողոցներում եւս օրերս վթարված մետաղական ջրագծերը փոխարինվեցին պոլիէթիլենով, որը երկու դեպքում էլ իրականացվեց առանց փողոցները քանդելու՝ հների մեջ նորերը «ներարկելու» միջոցով: Եւ չնայած աշխատանքների զգալի ծավալին, ծրագիրը կիրառվող տեխնոլոգիայի առավելությունների շնորհիվ իրականացվեց շատ կարճ ժամկետում, սպառողներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի»: