ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման եւ նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ մայիսի 31-ին այցելել են ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման եւ հումանիտար ականազերծման տեղամաս:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե աշխատանքներն իրականացվում են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` ԱՄՆ պետդեպարտամենտի համաֆինանսավորմամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից:

ԱՄՆ եւ ԵԱՀԿ կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին` բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաեւ գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել միջազգային աջակցության տրամադրումը ՀՀ-ում իրականացվող հումանիտար ականազերծման ծրագրերին: