Հայաստանի ոչ իշխանական ուժերի «քառյակը» 12 կետից բաղկացած պահանջ է ներկայացնելու իշխանություններին: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում, ամփոփելով «քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է հնչեցրել:

«Պահանջները հիմնականում ներքին քաղաքականությանն են վերաբերելու: Մեր գերխնդիրը երկրի ներսում արմատական բարեփոխումների անցկացումն է: Եվ, ի դեմս համընդհանուր օրակարգի, այդ պահանջներով ենք առաջնորդվելու», - հայտարարել է խորհրդարանականը:

Ռուբեն Հակոբյանը 12 պահանջներից միայն մեկն է հնչեցրել` անցում խորհրդարանական ընտրությունների բացարձակ համամասնական համակարգի: Պատգամավորը խոստացել է, որ մնացած 11 պահանջները եւս մի քանի օրից հանրությանը կներկայացվեն:

«Քառյակի» ներկայացուցիչների այսօրվա հանդիպմանը «Ժառանգությունից» ներկա էր ինքը` Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից` խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ քարտուղար Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից` խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը: