Մեկ ամսից ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած 23-ամյա Արսեն Խոջայանը վերջին օրերին գանգատվել է գոտկատեղի, ձեռքերի, ոտքերի շրջանում առկա ցավերից, մի քանի օր առաջ էլ ջերմություն է ունեցել: ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ Արսենն այսօր այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բուժզննում է անցել։
«Արսեն Խոջայանն անցել է նյարդաբանական, սրտաբանական, մաշկաբանական, նաև հոգեթերապևտիկ հետազոտություններ: Մենք լրացուցիչ նաև լյարդի ու երիկամների սոնոգրաֆիկ հետազոտություն ենք անցկացրել, արյան անալիզներ վերցրել»,- NEWS.am-ին ասաց Հրազդանի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Ժասմենա Մարգարյանը։
Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների խոսքով՝ Արսեն Խոջայանի մոտ ակնհայտ են նյարդային համակարգի հետ կապված խնդիրները, որոնք էլ բժիշկները վերագրում են գերության ժամանակ տարած սթրեսներին:
Արսեն Խոջայանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունները, թե իրեն գերության ժամանակ դիզվառելիք են ներարկել։
«Չէ, ինձ ոչ մի բան էլ չեն սրսկել, հա եղել ա, որ խփել են, բայց չեն սրսկել»,- պատմեց Արսենը:
Մասնագետները նույնպես բացառում են նավթ ներարկելու վարկածը.
«Եթե անգամ հետազոտությունները ցույց չտան, բայց ներարկման հետքեր հաստատ կմնար Արսենի մարմնի վրա, որոնք, որպես այդպիսին, առկա չեն: Որոշեցինք, որ Արսեն Խոջայանն ամբուլատոր բուժում կստանա, կգտնվի մեր հսկողության ներքո, իսկ բուժման կուրսն անցնելուց հետո կրկին բոլոր հետազոտությունները կանցնի»,-ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Նշենք, որ Արսենն այժմ բնակվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, օգնում ֆերմեր Գառնիկ Թադևոսյանին, որի մոտ ժամանակին աշխատել է իր հայրը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։



































