Հայաստանը փորձում է մաս կազմել մի նոր խմբավորման, որն ինչպես էլ անվանենք, նորացվող, ընդլայնվող ռուսական կայսրությունն է՝ իր բոլոր իմաստներով։ Եթե Հայաստանը դառնում է այդ կազմակերպության անդամ, ուրեմն կոռումպացված համակարգը հավերժացվելու է, ընտրություններն էլ լինելու են զուտ ձեւական, իսկ անկախության մասին կարելի է մոռանալ՝ վտանգի տակ դնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հանրային քննարկման ժամանակ ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն։

«Նախ իմ գնահատականով հիմա աշխարհում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթացներ։ Ավարտվել է հետսառըպատերազմյան վիճակը, որը սկսվել էր խորհրդային միության փլուզումից հետո, երկրորդ՝ նախկին խորհրդային միության տարածքում ավարտվել է հետխորհրդային շրջանը, եւ մենք մտել ենք արդեն պատմական մի այլ փուլ։ Անկախացումից հետո անցած այս տարիները մի ժամանակաշրջան էին, որը հատկացվել էր՝ ազգային պետականությունը եւ անշրջելի ժողովրդավարությունը ամրապնդելու համար, որը չկատարվեց։ Այսօր ունենք երեք պետություն, որոնք պայքարում են իրենց ազգային պետականության եւ ժողովրդավարության համար։ Սրանք այն պետություններն են, որտեղ իշխանությունը փոխվել է ընտրությունների միջոցով՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա։ Մյուս պետություններում նման բան տեղի չի ունեցել, մենք պետք է հասկանանք այս գործընթացները, սրանք վտանգ են ներկայացնում մեր անվտանգության, նման սպառնալիք քսաներեք տարվա ընթացքում չի եղել»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա առաջին հերթին վտանգվելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Եթե Ադրբեջանը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն այդ անդամակցման։ Մենք ընդամենը գործոն ենք, որն այս առեւտրի ժամանակ կարող է զիջվել Ադրբեջանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբում կատարվող դեպքերը ուղղակիորեն շաղկապված են այս գործընթացների հետ։ Եթե Հայաստանն անդամակցեց ռուսական կայսրություն համարվող կառույցին, ապա բանակցային գոտին վարելու է Մոսկվան»,- ավելացրեց «Համաձայնության» ղեկավարը։

Միայն Ադրբեջանի արձագանքից է կախված, թե ինչպիսի որոշում կկայացնի Մոսկվան Հայաստանի համար։ Դավիթ Շահնազարյանը հիշում է, թե անցած տարվա սեպտեմբերին ինչպես էին մեկնաբանում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը. «Ասում էին անվտանգություն, բայց ի՞նչ անվտանգության մասին է խոսքը։ Մեր ու Ռուսաստանի շահերը ոչ մի կերպ չեն համապատասխանում»։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Շահնազարյանը համոզված է, որ պետք է աշխատեին խորհրդարանական խմբակցությունները, իշխանության ներկայացուցիչները, որն իհարկե չի եղել եւ առաջիկայում չեն էլ լինելու։

«Մնում է հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակությունը բարձրացնեն այս հարցերը»,- նշեց նա։

Նշենք, որ հնարավոր է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի՝ առանց ԼՂՀ-ի։ Այս փաստը քննարկման եւ բողոքի մեծ ալիք է առաջացրել հասարակության շրջանում։