Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 1-ին Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում մասնակցել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսն անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո: Այն կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի, Աշխարհի հայ նկարիչների միության, Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հովանավորությամբ: Տիգրան Սարգսյանը շրջել է թանգարանի սրահներում եւ ծանոթացել նկարչության, քանդակի, փայտի փորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, հելունագործության, կարպետի, գորգագործության, ազգային տարազի, կավագործության եւ դեկորատիվ դարբնեգործության ճյուղերում ներկայացված ինքնուս ստեղծագործողների աշխատանքներին:


























