Եվրասիական միություն մտնելու համար Հայաստանին մնում է միայն Վրաստանի հետ կապված հարցերը լուծել: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը հունիսի 3-ին ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն է հնչեցրել: Նրա համոզմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե Եվրասիական միություն մտնելու համար մնում է միայն տեխնիկական բնույթի հարցեր լուծել, ամենայն հավանականությամբ, Վրաստանի հետ մաքսային ռեժիմի կարգավորումը նկատի ուներ: «Երբ այդ հարցերն էլ լուծվեն, Հայաստանի միավորման համար խոչընդոտներ կարծես թե այլեւս չեն լինի», - հայտարարել է պատգամավորը:
Հիշեցնենք` Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը մայիսի 13-ին Երեւանում Հայաստանի եւ Վրաստանի մաքսային ծառայությունների ներկայացուցիչներին էր հանդիպել: Կողմերը Հայաստանի` Եվրասիական միությանն անդամագրման համատեսքստում ապրանքների տեղաշարժի ռեժիմի շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:




























