«Հայաստանում ժողովրդավարական կառավարման աջակցություն» ծրագիրը Հայաստանի հասարակական կազմակերպությունների կարողությունների եւ ռեսուրսների ամրապանդմանն է միտված եւ որեւէ, առավել եւս` միջազգային հարաբերություններին սեպ չի խրում: Հայտարարությունը հունիսի 3-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող հիշյալ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է հնչեցրել`հիշեցնելով, որ հարցի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը եւս պաշտոնական պատասխանով է հանդես եկել:
Հիշեցնենք` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրելու ջանքեր գործադրող հայկական հասարակական կազմակերպությունները գործունեությունը չեզոքացնելու» անհրաժեշտության մասին էր հայտարարել: «Ռուսաստանում, մասնավորապես, օրենք է ընդունվել, որով ՀԿ-ների գործունեությունը միանգամայն հստակ կանոնակարգման է ենթարկվում: Ի վերջո բացարձակապես ակնհայտ է, որ ռուս-հայկական բերակամության դեմ գործունեություն ծավալող ուժերը թե Ռուսաստանի եւ թե Հայաստանի լավը չեն ցանկանում», - համոզմունք էր հայտնել Վոլինկինը: Հիշյալ հայտարարությունից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ շտապել էին ՌԴ դեսպանին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրել:





























