Հայաստանի Բնապահպանության նախարարն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ ներկայացուցիչներ՝ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովային, բնապահպան-մասնագետ Էսմա Կրեսոնին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին եւ տնտեսագետ Տիգրան Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԲ կողմից իրականացվող ‹‹Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը եւ թափանցիկությունն ապահովելու նպատակով›› դրամաշնորհային ծրագիրը:
ՀԲ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովան շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հետագա սերտ համագործակցության հույս հայտնել:
Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է. ‹‹Համաշխարհային բանկը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի Բնապահպանության նախարարության, ինչպես նաեւ մեր հանրապետության այլ գերատեսչությունների հետ: Ես հուսով եմ, որ ինձ հետ՝ իբրեւ նոր նախարարի, աշխատանքները եւս արդյունավետ ընթացք կունենան եւ նոր թափ հաղորդելով մեր համագործակցությանը՝ կկարողանանք էապես նպաստել ՀՀ բնապահպանական հարցերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը››:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում առավել սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:





























