2014թ. մայիսին ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,8% գնանկում, հունիսի 3-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը :
Մասնավորապես, պարենամթերքի գները նվազել են 1,4%-ով, ծառայություններինը՝ 0,2%-ով, ոչ պարենային արտադրանքինը աճել են 0,3%-ով:
Պարենի գների նվազմանը նպաստել է բանջարեղենի (12,5%) եւ ձվի (4,8%) գնանկումը: Մասնավորապես, էժանացել է վարունգը (63%), կանաչեղենը (52%), կանաչ սոխը (40%), սմբուկը (19%), լոլիկը (13%). Միաժամանակ, կարտոֆիլի գինն աճել է 7,3%-ով, գազարինը՝ 20,8%-ով:
Միաժամանակ մրգի գները աճել են 3,4%-ով, մասնավորապես՝ խնձորինը (7,3%), տանձինը (14,7%), խաղողինը (21,4%): Միեւնույն ժամանակ ելակի գինը, որպես սեզոնային միրգ, նվազել է 10,1%-ով:
Հացի եւ ձավարեղենի գինն աճել է 0.6%-ով, առաջին կարգի ալյուրինը՝ 0,7%-ով, լոբունը՝ 1,4%-ով, մակարոնեղենինը՝ 3,7%: Առաջին կարգի հացը թանկացել է 0.5%-ով:
Կաթնամթերքի գինն աճել է 0,6%-ով, որը հիմնականում տնական պանրի եւ «Չանախ» պանրի գնաճի հետ է կապված ՝1 – 1,1%,իսկ խտացրած կաթը՝ 2,5%:
Մսամթերքի գինը թանկացել է 0,7%-ով, որը հիմնականում նրբերշիկի գնի թանկացմամբ էր պայմանավորված (0,8%), ինչպես նաեւ տավարի, խոզի եւ ոչխարի մսի թանկացմամբ (1,1%, 4,5% եւ 5,5%):





























