Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի շուտափույթ միացման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հասցեագրված էր Բաքվին, հունիսի 3-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հանդիպումը:
Ըստ նրա՝ այդկերպ Կրեմլը փորձում է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ: «Հայտնի է, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե չի նախատեսում անդամակցել տնտեսական միությանը: Այն ժամանակ Ռուսաստանն իր մարդուն էր ուղարկել Բաքու, եւ Բաքվում հասկացել էին, որ պետք է մտածել», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խոսքերը, որ Հայաստանը պետք է ԵՏՄ-ին անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում, Երեւանի հետ կապ չունեն: «Իրականում ոչ մեկին էլ չի հետաքրքրում՝ մենք ԼՂ-ի հետ կանդամակցենք, թե ոչ: Եվ կանդամակցենք ընդհանրապես: Այնտեղ ցանկանում էին լսել Սերժ Սարգսյանի պատասխանը, որ Ղարաբաղն այսօր Հայաստանի մասը չէ: Իսկ հետո այդ պատասխանը շատ թանկ ծախել Բաքվին», - կարծում է Սարգսյանը:
Նշենք, մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր էին ստորագրել: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել էր ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագիր ստորագրել մինչեւ հունիսի 15-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս ընդգծել էր Երեւանի հետ ամենակարճ ժամկետներում պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը:




























