Վարորդ Արտակ Ավդալյանը, որը 2012թ. օգոստոսի 31-ին, 19:30-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում մահվան ելքով վրաերթի է ենթարկել 54-ամյա Գոհարիկ Ավալյանին, 2 տարի ազատազրկման է դատապարտվել սխալ փորձագիտական եզրակացության հետեւանքով։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակ Ավդալյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։
«Փորձագիտական եզրակացությունը ի վնաս վարորդի է իրականացվել, քանի որ փորձագետը անվադողերի կցման վատթարագույն գործակիցն է ընտրել Արտակ Ավդալյանի համար՝ 0,6 վայրկյան, թեւ պետք է ընտրեր 0,5 վայրկյան գործակիցը, եւ 0,1 վայրկյանը ճակատագրական է եղել Արտակ Ավդալյանի համար։ Պաշտպանյալս դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ պարտավորվել է տուժողին վճարել 2 միլիոն դրամ»,- ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Նա նշեց, որ բոլոր նորմալ փորձաքննությունների դեպքում ընտրվում է 0,5 գործակիցը, սակայն, չգիտես ինչու, Արտակ Ավդալյանի դեպքում 0,6 գործակիցն է ընտրվել։
Ըստ փաստաբան Բալոյանի՝ վկա Հակոբ Քոչարյանը դատարանում սուտ ցուցմունք է տվել, եւ դա դատարանի կողմից ոչ մի կերպ չի պատժվել։
«Խնդիրն այն է, որ հետիոտնն այս իրավիճակում մեղավոր է, նրա պատճառով է վարորդը մեքենայի ուղղությունը փոխել եւ վրաերթի ենթարկել Գոհարիկ Ավդալյանին, եւ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության նախ վթարի վայրում իր գործողությունների, եւ երկրորդ՝ դատարանում սուտ ցուցմունք տալու համար։ Նա սկզբում ասաց, որ հորդառատ անձրեւ է տեղացել, հետո փոխեց վկայությունը, թե անձրեւ չի եկել, հետո դատարանում դատավորի պնդումից հետո ասաց, որ թույլ անձրեւ է տեղացել»,-ասաց Ռուբեն Բալոյանը։
Վարորդ Արտակ Ավդալյանը իրեն մեղավոր չի համարում կատարվածի համար, քանի որ հետիոտնը ճանապարհը հատել է հետիոտնի համար չնախատեսված մասում, այն էլ սահմանափակ տեսանելիության պայմաններում։ Նա նաեւ նշեց, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում բազմաթիվ վրիպումներ են տեղի ունեցել, այդ պատճառով ինքը գլխավոր դատախազին այդ մասին դիմում է ներկայացրել։
Մեղադրյալ Արտակ Ավդալյանը նշում է, որ ինքը երիկամների խնդիր ունի, եւ ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն առաջին ատյանի դատավոր Մարինե Մելքոնյանը հրաժարվել է որոշ ժամանակով հետաձգել դատավարությունը, որպեսզի ինքը կարողանար բուժվել։
«Մոտ մեկ ամիս պառկած էի, հիվանդանոցից էի գալիս, դիմեցի դատավորին, չընդառաջեց, որ բուժվեի, շտապօգնությունով էի գալիս դատերի։ Երրորդ կարգի հաշմանդամ եմ այժմ դարձել»,-ասաց Արտակ Ավդալյանը։
Նա նաեւ նշեց, որ գործով քննիչ Աշոտ Ասատուրյանը այժմ ձերբակալվել է կաշառք ստանալու մեջ կասկածվելու մեղադրանքով, եւ դա նույնպես հիմք է տալիս մտածելու, որ նախաքննությունն արդար չի ընթացել։
«Նման դատավճիռները չեն բխում օրենքից, եւ պետք չէ դատավճռում դնել մի վկայի ցուցմունք, որը դեպքի հետ կապ չունի, եւ դատապարտել ազատազրկման մի մարդու, որն անմեղ է, որպեսզի պատասխանատվության չենթարկեն վկային։ Այժմ նորից ենք դիմելու Վերաքննիչ դատարան»,-ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը»
Նշենք, որ Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Ավդալյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, նաեւ 2 տարով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Հետագայում Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի վճիռը բեկանել էր եւ գործը հետ ուղարկել առաջին ատյանի դատարանը, վերջինը կրկին նույն դատավճիռն է կայացրել, եւ, ըստ փաստաբանի, առանց բավարար հիմքերի բավարարել տուժող կողմի՝ 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջը։
«Արտակ Ավդալյանը բազմիցս առաջարկել է փոխհատուցում, բայց տուժողի հարազատները հրաժարվել են՝ այն համարելով վիրավորանք։ Հիմա վերջին դատի ժամանակ գումարային պահանջ առաջադրեցին, որ համաներումը չազդի պաշտպանյալիս վրա»,-ասաց Ռուբեն Բալոյանը։
Արտակ Ավդալյանն էլ նշեց, որ ինքն արդեն այդ գումարը փոխանցել է, սակայն հիմա էլ, չգիտես ինչու, առձեռն են գումարը պահանջում։ Փաստաբան Ռուբեն Բալոյանը եւ վարորդ Արտակ Ավդալյանը հույս ունեն, որ այս անգամ Վերաքննիչում արդար դատաքննություն կլինի եւ առաջին ատյանի դատարանի վճիռը կբեկանվի։





























