Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատմական դեմքի նկատմամբ քննադատական վերաբերմունքը եւ դատապարտումը սկզբունքորեն ոչ ճիշտ մոտեցում է համարում: Այս մասին նա հունիսի 3-ին` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդարական կառավարման աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում է հայտնել` անդրադառնալով խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու վերաբերյալ Երեւանին քաղաքապետարանի որոշմանը:
Ի պատասխան հարցի, թե կարելի է արդյոք նույն բանը Օսմանյան Թուրքիայի` Հայոց ցեղասպանության համար պատասխանատու առաջնորդների մասին ասել, նախարարն ընգծել է. «Այո, դա նույպես պատմություն է, սակայն Հայոց ցեղասպանության հարցը ներկայումս մեր պետության առջեւ դրված խնդիրներից մեկն է հանդիսանում»:
Հովհաննես Մանուկյանի համոզմամբ, Անաստաս Միկոյանի հուշարձանի կանգնեցման հարցն այնքան էլ կարեւոր չէ: «Սակայն ինձ համար կարեւոր է այն հանգամանքը, որ նման իրավիճակներում հասարակության կարծիքը հաշվի առնվի: Չափազանց կարեւոր է, որ ինչպես համապետական, այնպես էլ համայնքային նշանակության որոշումները համապատասխան հասարակական քննարկումների գործընթացով անցնեն, որպեսզի հասարակությունը այս կամ այն կերպ դրանց կայացման մասնակիցը դառնա», - նշել է նախարարը` շեշտելով, որ, բնականաբար, ոչ մի որոշում չի կարող հասարակության բոլոր խավերի ցանկություններն ու նպատակներն արտահայտել: Անդրդադառնալով հարցին, թե արդյոք հուշարձանի կանգնեցման հարցում հասարակության կարծիքը հաշվի է առնվել, Հովհաննես Մանուկյանն ասել է. «Չեմ կարծում, թե մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որտեղ պետությունը հաշվի չի նստում հասարակական կարծիքի հետ: Պետական մարմինները եւ քաղաքական գործիչները ստիպված են հաշվի առնել այն»:





























