Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում այսօր՝ հունիսի 3-ին, նշանակված Մարտին Սարգսյանին ամենայն հավանականությամբ կփոխարինի Վազգեն Կարախանյանը:
Համամասնական ցուցակով հաջորդը Նարինե Միրզոյանն է, որին հաջորդում է Վազգեն Կարախանյանը, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ Նարինե Միրզոյանը ինքնաբացարկ կներկայացնի եւ մանդատը կվերցնի Վազգեն Կարախանյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ հենց ինքն էլ կփոխարինի Մարտին Սարգսյանին:
«Հաստատ չեմ կարող, բայց երեւի, թեթեւ խոսակցություն կա: Մի քանի օրից ամեն ինչ հստակ կլինի»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության նոր պատգամավորի անունն ամենայն հավանականությամբ հայտնի կլինի արդեն այս հինգշաբթի՝ Գործադիր մարմնի նիստից հետո:
Նշենք, որ Վազգեն Կարախանյանի՝ պատգամավոր դառնալու մասին խոսվում էր դեռ ապրիլի կեսերին:





























