«Վանաձոր» առողջարանի եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի 58-ամյա պահակ Լյովա Բուղլադարյանի առողջական վիճակը թեթեւակի բարելավվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը։
«Լյովա Բուլղադարյանը դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, թեթեւ դրական փոփոխություններ կան. աչքերը կարողանում է կիսով չափ բացել եւ ջուր խմել կլլման եղանակով»,-ասաց Գագիկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հիվանդը դեռ չի ճանաչում հարազատներին, եւ դեռ շատ շուտ է խոսել ապաքինման մասին, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դաժան ծեծի հետեւանքով մայիսի 31-ին ծանր վիճակում Վանաձորից Երեւան է տեղափոխվել 58-ամյա Լյովա Հրանտի Բուլղադարյանը։
Ոստիկանության նախնական տվյալով, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ 00։30-ի մոտ։ Արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Կատարվածի առնչությամբ ձերբակալել են 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանին, որը նախնական վարկածով եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Բենիկ Ալեքսանյանն իր ցուցմունքում նշել է, որ ՌԴ եւ ՀՀ երկքաղաքացի է, Հայաստան է եկել վերջերս, եւ որ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի Մոսկվայի չեմպիոն է։





























