Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում արեւելյան Աղրի (պատմական Բագավանի մոտ-խմբ) քաղաքապետի ընտրություններում հաղթած Սըրրը Սաքըքը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարարելուց հետո հունիսի 1-ին տեղի ունեցած ընտրության ժամանակ կրկին հաղթել է։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Աղրի քաղաքապետի ընտրություններում Սըրրը Սաքըքը հավաքել է 23 հազար 460 քվե, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Հասան Արսլանը՝ 20 հազար 609 քվե։
Նշենք, որ մարտի 30-ի ընտրություններում Սըրրը Սաքըքը հավաքել էր 20 հազար 600, իսկ Հասան Արսլանը՝ 20 հազար 590, այսինքն, ընդամենը 10 ձայն պակաս։ Իշխող կուսակցության թեկնածուի պահանջով այն ժամանակ 10 անգամ հաշվել էին ձայները, սակայն արդյունքը չէր փոխվել, որից հետո որոշում էր կայացվել չեղյալ համարել ընտրությունները եւ նոր ընտրություններ անցկացնել հունիսի 1-ին։
Հիշեցնենք, որ Սըրրը Սաքըքը պատգամավոր եղած ժամանակ ամբոնից հայտարարել է, թե Թուրքիայում հայերին կոտորելու մշակույթ կա, իսկ Մուշում հայկական թաղամասի քանդման հետ կապված կոչ էր արել չքանդել 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկված հայերի տները։





























