«Թամարա» ընկերությունը հերքում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը: «Թամարա» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել եւ պաշտոնապես հայտարարել, թե իրենց արտադրանքը լիովին համապատասխանում է Կառավարության N 1925 որոշմամբ սահմնված պահանջներին եւ կյանքի համար որեւէ վտանգ չի ներկայացնում:
Նշենք, որ Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Թամարա» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Թամարա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Քսան Կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:





























