Քանի որ երկրում դեռ չի սկսվել նախընտրական արշավը, իսկ շատերը շահագրգռված են իրավիճակի վաղաժամ սրման մեջ, նրանք փորձում են գոյություն չունեցող ինչ-ինչ գործընթացների պատրանք ստեղծել, եզրակացություններ անել իրենց իսկ կողմից հորինված գործընթացներից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե կոալիցիայի ներսում լուրջ տարաձայնություններ կան, հատկապես ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ:

«Կոալիցիայի ներսում հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ զուտ մարդկային առումով առավել քան ջերմ են»,- հայտարարել է Սահակյանը: Նրա խոսքով, եթե կոալիցիայի ներսում տարաձայնություններ լինեին, դա առաջին հերթին աչքի կընկներ խորհրդարանում: «Բայց, ինչպես տեսնում եք, մենք խաղաղ գոյակցում ենք ինչպես օրենսդիր, այնպես էլ քաղաքական հարթություններում»,- նկատել է նա:

Պատասխանելով հարցին, թե վերջին քաղաքական իրադարձություններում ինչ դերակատարում ունի Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նրա անունը եւս շոշափվում է ԶԼՄ-ներում, Գալուստ Սահակյանը նշեց. «Մենք շատ հարգալից եւ ջերմ ենք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, բայց ես շատ զարմացած եմ այն փաստով, որ նրա անունն այդքան հաճախ է շոշափվում, քանի որ այդ մարդը հազվադեպ է քաղաքական հայտարարություններ անում, եւ որեւէ ակտիվություն չի ցուցաբերում քաղաքական գործընթացներում»: Մամուլում նշվել էր նաեւ «ստվերային կառավարության» մասին, որը իբր Քոչարյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանին, Սահակյանը նկատել է, թե այդ խոսակցությունները նպատակ ունեն հակասություններ մտցնել հանրապետականների շարքում, քանի որ դրանում ընդգրկված են հանրապետականներ: «Մենք այդ մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, եւ իրենց քաղաքական ճակատագրի հետ կապված հարցերը լուծվելու են իրենց համաձայնությամբ: Այնպես որ, ՀՀԿ շարքերում պառակտում մտցնելու բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության»,- հավաստիացրել է Սահակյանը:

Մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» տնտեսվարողների եւ անհաճո հանրապետականների ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու լուրերը, Սահակյանը նշել է, թե իսկապես հարկային վարչարարությունը խստացվել է: «Ակտիվ ստուգումներ են անցկացվում ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ Հանրապետականի անդամների ձեռնարկություններում, սակայն մարդիկ ըմբռնումով են մոտենում դրանց: Պետք է նաեւ հաշվի առնել, որ Գագիկ Ծառուկյանն այն անհատը չէ, որի ձեռնարկություններում կարելի է անհիմն ստուգումներ անցկացնել»,- ասել է Սահակյանը:

Նա ասել է, թե շշուկները տարածվում են ընդդիմության կողմից, «քանի որ երկրում կառուցողական ընդդիմության չկա, նաեւ իշխանական ճամբարի որոշ ուժերի կողմից»: