«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ոչ մի միջնորդություն դեռ չի ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք իր պաշտպանյալը շուտով ազատ է արձակվելու:

«Ես միջնորդություն չեմ ներկայացրել, ոչ էլ նման տեղեկություն ունեմ, որ քննիչների կողմից միջնորդություն է ներկայացվելու: Իմ գերնպատակն է օրենքով սահմանված միջոցներով օժանդակել, որպեսզի օբյեկտիվությունը բացահայտվի, դրա արդյունքում էլ պարզ կդառնա, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ դրանից հետո չի բացառվում, որ համապատասխան փուլում հանդես գանք խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ այս գործով քննիչն օրերս դիմում է ներկայացրել եւ հրաժարվել գործից: Երեմ Սարգսյանի խոսքով՝ սա ոչ մի կապ չունի «Վերնիսաժի» դեպքերի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:

Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։