Նոր Արեշի վարձակալած տանը անցած տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լարտավական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ նախաքննության մասին ժամանակ առ ժամանակ հայտնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը:
Մինչդեռ Դենիշի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ իրենք զանգահարում են դեսպանատուն, սակայն այնտեղից ոչ մի նորություն չեն ասում:
«Մեզ նույնիսկ չեն ասում՝ գործը բաց է, թե փակ: Մենք էլ այդքան գումար չունենք, որ գանք Հայաստան եւ այստեղ հետեւենք գործի ընթացքին, դեսպանատուն էլ դիմում ենք, ոչինչ չեն ասում»,- ասաց Դենիշի եղբայրը:
Նշենք, որ այս գործով այս ամիսների ընթացքում հարցաքննվել է միայն Դենիշի միակ ծանոթը՝ Պանկաջ Սանգին, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեւել էր ավելի քան չորս ժամ, որի ընթացքում իրեն հարցրել են Աստղիկ Աղաջանյանի եւ Դենիշ Բաբուի հարաբերությունների մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ին երեկոյան դանակահարոթյուն էր տեղի ունեցել Նոր Արեշում: Պարզվել էր, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ էր արել Աստղիկ Աղաջանյանին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն էր գործել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դենիշի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին:




























