Տավուշի մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ընդամենը 40 տոկոս է, ինչը մտահոգում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի եւ անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:
Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաեւ մարզի ռազմավարական նշանակությունը, նախարարը կարեւորել է պետական օժանդակման ծրագրերի իրականացմամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետական օժանդակման ծրագրերի իրականացումը:
Հատկապես բարձր է գնահատվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի դերը, որով մարզի տասը համայնքներում արդեն ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի եւս 6 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: «Այն հնարավորություն կտա նաեւ ստեղծել վերամշակման փոքր ձեռնարկություններ,անասնաբուժական սպասարկման կետեր, համայնքային այլ ենթակառուցվածքներ»,- նշել է նախարարը:
Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անհանգստացնող այն փաստին, որ մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ներկայումս գրեթե 40 տոկոս է, նա հանձնարարել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է վարչապետի հատուկ հանձնարականը, նշելով, որ աշնանացան ցորենից սկսած անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել նաեւ եգիպտացորենի եւ արեւածաղկի մշակության ծավալների կտրուկ ավելացումը, մանավանդ, որ արդեն իսկ կան մթերող կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց օժանդակությունը բերել գյուղացուն սերմացուով, պարարտանյութով, վառելիքով եւ գյուղտեխնիկայով ապահովելու աշխատանքներին:
Այնուհետեւ նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար, նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգեւատրել է Չինարի եւ Այգեհովիտ համայնքների ղեկավարներ Սամվել Սաղոյանին եւ Լեւոն Գրիգորյանին:
Մարզի գյուղատնտեսության եւս 17 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծված անասնապահական համալիր:
2011թվականից գործող համալիրն այսօր 200 գլուխ Եվրոպայից ներկրված բարձր մթերատու կենդանիներ ունի, որոնցից ստացված սերունդը տրամադրվում է մարզում ստեղծված անասնապահական կոոպերատիվներին: Նախարարը ծանոթացել է նաեւ կաթի վերամշակման նորաստեղծ արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ :
Այցելության վերջին կանգառը «Դիլի» տոհմային - անասնապահական ֆերման ու վերջինիս կաթի վերամշակման արտադրությունն էին: Ի դեպ այստեղ առաջացած արտադրական մի շարք խնդիրների, մասնավորապես ֆերմայի ջրամատակարման հարցի լուծմանն օժանդակելու խնդրանքով ընկերությունը վերջերս էին դիմել նախարարությանը:Այցը իրավիճակին տեղում ծանոթանալու եւ նախարարության միջնորդությունից հետո հարցի լուծման ընթացքի մասին անձամբ տեղեկանալու նպատակ էր հետապնդում:






























