Հունիսի 2-ին Իտալիայի Ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում տհաճ ու անսպասելի միջադեպ է տեղի ունեցել:

Պարզվում է, լրատվամիջոցների բնական ցանկությունըъ շփվել ընդունելության այլ մասնակիցների հետ, Նառա անվամբ դեսպանատան աշխատակցուհու (ով հրաժարվել է հայտնել իր ազգանունն ու պաշտոնը) ոչ ադեկվատ արձագանքն է հարուցել: Նա «փայլել է» պահվածքով, որը, մեղմ ասած, հարգալից չի եղել:

Այն պահին, երբ NEWS.am-ի թղթակիցը մոտեցել է հյուրերի շարքում գտնվող Գագիկ Ծառուկյանին, հարց տալու նպատակով, Նառան ետեւից հարձակվել է լրագրողի վրա, ուսերից բռնել եւ ուժով ետ քաշել: Փորձելով «բացատրել» իր պահվածքը՝ կինը պնդել է, որ ընդունելությունը նախատեսված չէ լրագրողների համար, եւ պետք չէ օգտվել այն փաստից, որ լրագրողը հյուրերի շարքում է: Հարկ է նշել, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցն այդ ժամանակ նույնիսկ չի շարժվել:

Հայ լրագրողները մեկ անգամ չէ, որ «հարգալից» վերաբերմունքի զոհ են դարձել այս կամ այն պաշտոնատար անձի անվտանգության աշխատակցի կողմից, սակայն դեսպանատան աշխատակցի նման պահվածքն արտառոց եւ ապշեցուցիչ է: