Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի եւ «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում հունիսի 4-ին` ժամը 01:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, հունիսի 3-ին, սողանք է տեղի ունեցել Լոռու մարզում, ինչի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել էր, որ ճանապարհի երկայնքով մեկ ցեխակույտ ու քարեր են թափված, ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակվել էր։
Հարյուրավոր մեքենաներ կանգնած էին մնացել խցանման մեջ։





























